Հնչակյաններ.Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձը վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը
Հնչակյան մամլո դիվանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Հնչակյան կուսակցությունը որոշել է գնալ իրավաբանական նոր գրանցման և դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում հրավիրել համագումար:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են կուսակցությանը գնալ հետևյալ լուծման:
Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման` այն է գնալ իրավաբանական նոր գրանցման և դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում հրավիրել համագումար: Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձևակերպել իբրև Հնչակյան Սոցիալ Դեմոկրատ Կուսակցություն:
Միևնույն ժամանակ, կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ և ունի Հայաստանի ներկայացուցիչը Կենտրոնական Վարչությունում` ի դեմս ընկ. Վահան Շիրխանյանի:
Կուսակցությունը նաև վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ,աշխարհասփյուռ և Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար և անարժանաբար է կրում հնչակյան անվանումը և վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը` կրելով դավաճանի պիտակ:
Կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը շարունակելու է` հանուն ազգային և ընկերային գաղափարների իրականացման»,-ասված է հայտարարության մեջ: