Շիրխանյանին հեռացրել են ՍԴՀԿ շարքերից
ՍԴՀԿ-ում կրքերը չեն հանդարտվում: Նոր զարգացումների պակաս չի զգացվում: «ՍԴՀԿ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՎ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է բոլոր լրատվամիջոցներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին»,-այս վերնագրով հայտարարություն է տարածել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը:
Հայտարարությունում ասվում է, որ հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և վերաքննիչ դատարանի որոշումը, ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը: Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք:
« Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. №14 նիստի արձանագրության Վահան Շիրխանյանը, Գևորգ Պերկուպերկյանը, Նարեկ Գալստյանը, Գագիկ Մելիքյանը և Արսեն Կուպելյանը հեռացված են ՍԴՀԿ շարքերից` կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու և իրականացնելու համար:
Հիշեցում
Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը կասեցվել է դեռ ՍԴՀԿ ԿՎ 31.10.2009 թ. №11 նիստի որոշման հիման վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև ՍԴՀԿ մյուս թևը` Շիրխանյանի գլխավորությամբ: