Վարչապետը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև ձևավորված բարեկամական փոխհարաբերությունների դինամիկ զարգացմանը։
Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում կառավարության ղեկավարն ընդգծել է առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման ու միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարների շուրջ։
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում քննարկվել են առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների և տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքների կազմակերպման մանրամասներ։ Հայ և ուկրաինացի գործարարների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա