Մամեդյարով. Կովկասին երկարատև խաղաղություն բերող մի ճանապարհային քարտեզ է պատրաստվել
Աֆղանստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Tumgazeteler» լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` Մամեդյարովը նշել է, որ առաջիկայում հանդիպելու է ՀՀ արտգործնախար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բայց նա դեռ վաղ է համարել նշել, թե հանդիպման ժամանակ ինչ հարցերի շուրջ են քննարկում ծավալելու:
«Աստրախանում հագեցած բանակցություններ եղան: Երեք նախագահներն էլ արտգործնախարարներին հրահանգել են շարունակել բանակցությունները: Մոտ ժամանակներս աշխատելու ենք հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այդ հանդիպումից հետո հանդես կգանք հայտարարությամբ, բայց վաղ է դեռ հանդիպումը չկայացած որևէ հայտարարություն անել»,- ասել է Մամեդյարովը: Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 1-2 Ղազախստանում հրավիրվելիք ԵԱՀԿ գագաթաժողովը շրջադարձային նշանակություն կարող է ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման համար: Ըստ նրա` պատտարստվել է Կովկասին երկարատև խաղաղություն բերող մի ճանապարհային քարտեզ: