Մեքսիկայում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել
Մեքսիկական ծովափնյա Ակապուլկո քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է զանգվածային գերեզմանոց, որտեղ ամենայն հավանականությանբ, թաղված են տեղի նարկոբարոններից մեկի զոհերի աճյունները:
Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրես (APF) գործակալությունը:
Տեղի իրավապահ մարմինների կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո հայտնաբերվել է մոտ 18 մարդու դիակ, որոնք ենթարկվելու են ինքնության ճանաչման փորձաքննության: Ոստիկանությունում չեն բացառում, որ դիակների քանակը կարող է մեծանալ:
Վարկածներից մեկի համաձայն, թաղված մարդիկ առեւանգվել ու այնուհետեւ սպանվել են սեպտեմբերի 30-ին: Սակայն ոստիկանությունը չի շտապում հաստատել այն, քանի դեռ չի ավարտվել դիակների փորձաքննությունը:
Մեքսիկական El Universal թերթի տվյալներով, գերեզմանոցում հայտնաբերվել է «Ակապուլկոյի անկախ միավորման» (Cartel Independiente de Acapulco - CIDA) անդամներից մեկի կողմից գրված գրություն, որտեղ նրանք սպանությունների ու թաղման պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում:
Թմրաբիզնեսի հետ կապված սպանությունները Մեքսիկայում տեղի են ունենում պարբերաբար: Վերջին 10 օրերին միայն Ակապուլկոյում սպանվել է 30 մարդ: Ոլորտը կարգավորող քրեական խմբավորումների դիմակայության արդյունքում, ըստ տեղեկատվության, վերջին չորս տարիների ընթացքում զոհվել է մոտ 28 000 մարդ: