«Որոշ մարզերում ներառական կրթություն իրականացնող դպրոցներ ընդհանրապես չկան»
Այս ուսումնական տարվա ընթացքում հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվն ավելացել է 16-ով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
Նրա խոսքով, այժմ հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 65 դպրոց: Անահիտ Մուրադյանը հայտնեց, որ մինչ դպրոցներում ներառական կրթություն իրականացնելը` տվալ դպրոցների ուսուցիչները վերապատրաստվել են:
Գլխավոր մասնագետի խոսքով, համաձայն նախնական պլանի, յուրաքանչյուր տարի ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը պետք է ավելանա ևս 15-ով:
Հույսի Կամուրջ ՀԿ-ի ներառական կրթության պատասխանատու Շուշան Մաթևոսյանն ասաց, թե ճիշտ է` ամեն տարի ավելանում է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը, սակայն այսօր գործող դպրոցների թիվը բավարար չէ:
Նա նշեց, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցները հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում, իսկ մարզերում այդպիսի դպրոցների կարիքը կա, քանի որ մարզերում գործում է ներառական կրթություն իրականացնող մեկական դպրոց:
«Հանրապետությում որոշ մարզերում`Շիրակ, Արագածոտն և Սյունիք, ներառական կրթություն իրականացնող դպրոցներ ընդհանրապես չկան: Սակայն նախատեսվում է, որ հաջորդ տարիներին այս մարզերում ևս կստեղծվեն»,- ասաց նա: