Արմեն Աբրահամյան՝ ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալների համար DigiTec Expo-ն միջազգային ասպարեզ դուրս գալու լավագույն միջոցներից է
Նախորդ շաբաթ կայացավ DigiTec Expo 2010 ցուցահանդեսը, որին մասնակցեցին ՏՏ ոլորտի սկսնակ և առաջատար տասնյակ ընկերություններ:
Այս տարի ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»/CAPS ծրագրի աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցեցին նաև ՏՀՏ ոլորտի 11 նորաստեղծ ընկերություններ:
«Աջակցություն ստանալու համար մեզ դիմել էր 14 ընկերություն, որոնցից ընտրել էինք 11-ին: Աջակցությունը տրամադրվեց ցուցահանդեսային տարածքի և գործարար ներկայացումների արժեքի համաֆինանսավորման տեսքով՝ մինչև 70% համաֆինանսավորվեցին մասնակցի նշված ծախսերը: Օժանդակել ենք նաև նյութերի պատրաստման և ներկայացան հարցում»,- ասաց CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:
Նրա կարծիքով, այս տարվա ցուցահանդեսն առանձնանում էր ինչպես մասնակիցների, այնպես էլ այցելուների ակտիվությամբ:
Մասնակիցների շրջանում այս տարի նկատելի էր մասնավորապես երիտասարդների ակտիվությունն ու հետաքրքրությունը:
«Այս տարի բոլոր կազմակերպություններն էլ շատ լավ ներկայացան և ձեռք բերեցին նոր կապեր ու գործընկերներ: Կարծում եմ, որ DigiTec Expo-ն լավ հարթակ է, որպեսզի ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալները կարողանան դուրս գալ միջազգային ասպարեզ: Ցուցահանդեսում այս անգամ ավելի շատ էին ներկայացված տեխնիկական միջոցների հետ կապված հետազոտությունների արդյունքները ապրանքի տեսքով: Այսօր արդեն National Instruments-ն ապացուցում է, որ Հայաստանում կարելի է կատարել շատ լուրջ գիտական հետազոտություններ, դրանց հիման վրա ստեղծել ապրանք կամ ծառայություն, և վաճառել արտասահմանի մի շարք երկրներում: 3 տարվա ընթացքում National Instruments-ն արդեն ձեռք է բերել 14 միջազգային գործընկեր:Սա պարզապես հրաշք է»,- նշեց CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:
Նա նաև ցանկություն հայտնեց, որպեսզի հաջորդ DigiTec Expo-ի ժամանակ ավելի ակտիվ լինեն պետական կառույցները, քանի որ ՏՏ ոլորտի նորարարությունները նրանց կառույցների համար կարող են առաջարկել նոր լուծումներ ու հնարավորություններ իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: