Hurriyet. Թուրքերը մինչև այսօր չեն հասկացել Չարենցի խղճուկ տան իրական արժեքը
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hürriyet) պարբերականն անդրադարձել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող տան թեմային: Հոդվածի հեղինակ Իրեմ Քյոքերը նկատել է տալիս, որ Չարենցի Կարսի տան մասին սկսել են խոսել միայն վերջին տարիներին: Քյոքերը գրում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանի կրթության փոխնախարարը այցելել է Կարսում գտնվող այն տունը, որտեղ ծնվել է Եղիշե Չարենցը: Այնուհետև մի ստամբուլահայ փորձել է գնել տունը և վերածել թանգարանի , սակայն տան տերը պահանջել է 250 հազար թուրքական լիրա: Այդպիսով բանակցությունները արդյունք չեն տվել: Հոդվածագիրի խոսքով` թուրքերը մինչև այսօր չեն հասկացել այս խղճուկ տան իրական արժեքը:
Հոդվածի վերջում, անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերություններին, Քյոքերը գրում է. «Երկու ժողովուրդներ միջև անդունդ կա: Եթե Հայաստանը մի կողմ դնի իր կամակոր, նախապայմանների գերին լինելու դիրքորոշումը և ազատի օկուպացրած ադրբեջանական տարածքները, անդունդի երկու կողմերում գտնվողները կմոտենան միմյանց, և արձանագրությունները կստորագրեն ոչ միայն նախարարները , այլև ժողովուրդները»:
Նկատենք, որ Չարենցի տան թեմային անդրադարձած թուրք հոդվածագիրը հերթական անգամ ադրբեջանցիների քիմքին հաճո հայտարարություն անելու առիթը բաց չի թողել և հայկական ազատագրված տարածքներն անվանել է «օկուպացված»: