Թուրքական մամուլ. Էրդողանը բոլորին դատի է տալիս
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը 5 օրվա մեջ երեք հատ դատական հայց է ներկայացրել` պահանջելով դրամական փոխհատուցում իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար:
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը նշում է, որ առհասարակ վերջին տարիներին Էրդողանը դատի է տալիս մարդկանց իրենց հոդվածներում կամ ելույթներում հնչեցրած այս կամ այն արտահայտության համար: Ընդ որում քիչ չեն դեպքերը, երբ դատարանը չի բավարարում Էրդողանի հայցադիմումը:
Օրինակ` «Ազգայնական շարժում» (ԱԶՇ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթէ Բահչելիի դեմ չորս անգամ դատ է բացել և չորս անգամն էլ տանուլ տվել: Այդ չորս դատական հայցերով Էրդողանն ընդհանուր առմամբ պահանջում էր 230. 000 թուրքական լիրա (153.000 դոլար) փոխհատուցում: