Գիտաժողով. Անդրադարձ կկատարվի հոգեբանական խորհրդատվության ժամանակակից տեխնոլոգիաներին
Երևանի պետական համալսարանում այսօր կազմակերպվել էր «Հոգեբանական հետազոտությունների արդի մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հոգեբանության ամբիոնի հիմնադրման 35-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին տարբեր բուհերի երիտասարդ հոգեբաններ, ԵՊՀ դասախոսներ:
Հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ ավանդույթի համաձայն երիտասարդ հոգեբանների գիտաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ: «Այս գիտաժողովը կազմակերպել է ԵՊՀ-ն, սակայն այն բաց է բոլոր ցանկացողների համար: Մեր գիտաժողովին հրավիրված են մասնակցելու հանրապետության բոլոր այն բուհերի ներկայացուցիչները, որտեղ դասավանդվում է հոգեբանություն առարկան»,-ասաց նա:
Ըստ բանախոսի, այս գիտաժողովը լավ առիթ է, որ երիտասարդ հոգեբանները քննարկեն առկա գիտական հիմնախնդիրները և անդրադառնան այսօր երիտասարդ հոգեբանների կողմից կատարված հետազոտություններին, վերլուծեն դրանց թերություններն ու դրական կողմերը:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ Լիլիթ Գարգրցյանը նշեց, որ այսօր գիտաժողովում ներկայացվելու է 18 զեկույց: Նրա խոսքով, մասնավորապես քննարկվելու են հետևյալ թեմաները` հոգեբանական խորհրդատվության ժամանակակից տեխնոլոգիաները, կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ժամանակակից հիմնախնդիրները, կրթական համակարգում հոգեբանի գործունեության առանձնահատկությունները, հոգեթերապիայի մեջ անձի կայունության և կյանքի որակի հիմնահարցերը, հոգեբանության մեջ համակարգչային ծրագրերի կիրառումը և այլն:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: