«Orange»-ում այսօր տոն է. ամփոփվում է մեկ տարին
Այսօր «Օրանժ Արմենիա» ընկերությունում տոն է. ընկերությունը նշում է մեկամյակը, ամփոփում մեկ տարվա գործունեությունը:
Առավոտյան քաղաքի տարբեր հատվածներում շրջում էին սև և նարնջագույն փուչիկներով երիտասարդներ:
Մեկամյակի առիթով այսօր ընկերության գլխավոր խանութում հրավիրված ասուլիսում «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուան ներկայացնելով մեկ տարվա ընթացքում իրենց աշխատանքը, արձանագրեց, որ գոհ է արդյունքներից, հաջողությունները բավարար են: Նա ընդգծեց, որ ձեռքբերումները եղել են Հայաստանում արդար ու բաց մրցակցության, ընկերության լավ թիմի ու իրենց մայր ընկերության` «Orange Ֆրանս Տելեկոմի» աջակցության շնորհիվ:
Անցնելով թվային տվյալներին, ընկերության ղեկավարը նշեց, որ «Օրանժի» ձայնային ծառայություններից Հայաստանում այսօր օգտվում է 300 հազար մարդ, իսկ լայնաշերտ շարժական ինտերնետի ծառայություններից` 45 հազար բաժանորդ: Ընկերության 3G ցանցն այսօր ծածկում է բնակչության 93 տոկոսը և ամենաընդարձակն է երկրում: Ինչպես ներկայացրեց Բրունո Դյութուան, «Օրանժը» հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով: «Մեր խնդիրն էր լայնաշերտ ինտերնետի ծառայությունը շքեղությունից վերածել հանրության համար մատչելի ծառայության»,- ասաց նա:
Ըստ նրա, մեկ տարվա ընթացքում «Օրանժը» Հայաստանում դարձավ բազմաթիվ նորարությունների հեղինակ` ներդնելով ինտերնետ մինչև 14,4 մբիթ/վ ներբեռման արագությամբ, Հայաստանում առաջինը, իսկ աշխարհում երկրորդը ներմուծեց բարձր հստակություն HD ձայն, ներդրեց ինտերնետ-խանութ և այլն: Օրանժում համարում են, որ վերափոխել են նաև սմարթֆոնների շուկան` խթանելով դրանց միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը:
Բրունո Դյութուան ասաց, որ «Օրանժն» իր առջև մի քանի նպատակ է դրել` առաջարկել ծառայություններ բոլորի համար, փոխհատուցել հավատարմության համար, լինել վստահելի, առաջարկել բարձր որակի նոր ծառայություններ, մոտ լինել հաճախորդին, նպաստել հեռահաղորդակցման խնդիրներ ունեցող (աշխարհագրական կամ առողջական խնդիրներով պայմանավորված) մարդկանց ազատ շփմանը: Այդ նպատակով «Օրանժը» կառուցել է վաճառքի լայն ցանց: Այժմ գործում է 57 խանութ, ընկերությունը մտադիր է դրանց թիվը հասցնել 80-ի: Ընկերությունն ունի ավելի քան 2000 վաճառքի կետ, որտեղից կարելի է ձեռք բերել sim- քարտ և ավելի քան 6000 վճարման կետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա