ԵԽԽՎ դիտորդները ժամանում են Ադրբեջան` դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը ժամանում է Բաքու` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Պատվիրակությունը ղեկավարում է բելգիացի Պոլ Վիլը, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Եվրոպացի դիվանագետների պատվիրակության կազմում կա 30 մարդ, նրանք դիտարկումներ են իրականացնելու նոյեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրված են դիտորդների հանդիպումները իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նրանց հետ միասին դիտարկումներ է իրականացնելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, և նոյեմբերի 8-ին արդեն այս պատվիրակությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Սեպտեմբերի 28-ից ԵԽԽՎ առաքելությունը դիտարկումներ է անցկացնում նախընտրական Ադրբեջանում և նկատել էր բացթողումներ ու խնդիրներ երկրում ընտրությունների վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման, իշխանությունների կողմի ընտրական պրոցեսներին միջամտելու նաև պատգամավորության թեկնածուների գրանցման հետ կապված:
Նկատենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես միջանկյալ զեկույց էր հրապարակել Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի անցկացման վերաբերյալ ու նկատել, որ առաքելությունը ստացել է ստույգ տեղեկություններ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու, վախեցնելու վերաբերյալ, թեկնածուների օգտին տրված իրենց ստորագրությունների հետ կանչման նպատակով: Առկա են եղել նաև ուղղակի ճնշումներ ինչպես թեկնածուների, այնպես էլ նրանց ներկայացուցիչների և բարեկամների վրա: