Վարչապետ. Հույս ունենք, որ նոր մշակույթ է ներդրվելու նաև ճանապարհաշինության ոլորտում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին։
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Գառնիում, որտեղ տեղի է ունեցել համայնքի համար կենսական նշանակություն ունեցող «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարի բացումը, որի կառուցումը սկսվել էր 2008 թվականից։
Այցի ավարտին` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եկող տարի ոռոգման համակարգում մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն։
«Մեր ենթակառուցվածքային ծրագրերը ենթադրում են, որ ճանապարհաշինարարությունը մեծ թափով կշարունակվի, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության առաջին քայլերը պետք է կատարվեն։ Մրցույթները հայտարարված են, և մենք հույս ունենք, որ նոր մշակույթ է ներդրվելու նաև ճանապարհաշինության ոլորտում։ Էներգետիկայի ոլորտում սկսվելու են իրականացվել մեծածավալ ծրագրեր, հոսանքի տեղափոխման համար ենթակառուցվածքներ կստեղծվեն»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը, կարևորելով տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է. «Ենթակառուցվածքները պետության ֆինանսավորման համար առաջնահերթություն են։ Մենք ավարտին կհասցնենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների իրականացման վերջին` երրորդ փուլն է սկսվում և ներդրումների ծավալն աղետի գոտում կհասնի մոտ 250 մլն դոլարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա