Շվեյցարիայի նախագահ. Հայ-թուրքական անձայն դիվանագիտությունը շարունակվում է
Նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Շվեյցարիա կատարելիք այցի նախաշեմին հայտարարությամբ է հանդես եկել Շվեյցարիայի նախագահ տիկին Դորիս Լյութարդը: Թուրքական «Սթարգազեթե» (Stargazete) լրատվամիջոցի տեղեկացմամբ` նախագահ Լյութարդը նշել է, որ ցյուրիխյան արձանագրությունները դեռևս սեղանին են, և անձայն դիվանագիտությունը շարունակվում է: Նույն աղբյուրը հրապարակել է հիշյալ թեմային առնչակից հարցադրումների պատասխանները, ինչն էլ ստորև ներկայացնում ենք:
- Ո°րն է Շվեյցարիայի դերը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում:
- Մենք Հայաստանի և Թուրքիայի միջև միջնորդական դերակատարում ենք ունեցել: Ժամանակի կարիք կա: Երկու երկրներն ու հասարակություններն էլ կարիք ունեն որոշակի ժամանակի:
- Հույս ունե°ք, որ կարգավորման գործընթացը շարունակություն կունենա:
- Այո, հույս ունեմ: Ձեզ որևէ ժամանակացույց այս պահին չեմ կարող տալ: Երբեմն գործընթացի արագությունը չէ կարևոր, այլ` որակը: Փոխըմբռնման և որակի հարցում Հայաստանը և Թուրքիան նույն տեսակետին են:
- Շվեյցարիան ինչպե°ս համոզեց կողմերին:
- Հայ և թուրք ժողովրդները ոչ միայն ցանկանում են իմանալ պատմության ընթացքում կատարվածի մասին, այլև միևնույն ժամանակ ցանկանում են ապագայում խաղաղ միջավայրում ապրել: Ահավասիկ այդտեղ էլ Շվեյացրիան կարող է ներդրում ունենալ: Մենք պատրաստ ենք դրան:
- Եթե անգամ գործընթացը սառեցվում է, Շվեյցարիան շարունակում է իր միջնորդական առաքելությունը:
- Կուլիսներում միշտ էլ բանակցություններ լինելու են: Բայց դա երկու կողմի քաղաքական կամքից է կախված: Մենք գործընթացը հեշտացնողներն ենք, փորձում ենք մի լուծում գտնել բանակցությունների շարունակման համար: Ցյուրիխյան արձնագրությունները դեռևս սեղանին են: Չնչին կասկած անգամ չկա, որ երկու կողմերն էլ կարգավորման գործընթացի համար քաղաքական կամք ունեն: Այդ իսկ պատճառով հույս եմ տածում, որ երկու երկրներն էլ շարունակելու են կարգավորման գործընթացը: Երբեմն անձայն դիվանագիտութուն տանելն առավել օգտակար է լինում:
Իսկ Գյուլի կատարելիք այցի վերաբերյալ Շվեյցարիայի նախագահն ասել է, որ դա ռազմավարական նշանակություն ունի: Ըստ Լյութարդի` Թուրքիան բավական դինամիկ երկիր է և դեռևս չգնահատված ներուժ ունի: