ՌԴ Գլխավոր դատախազն անձամբ է հսկելու «Կոմերսանտ»- ի լրագրող Կաշինի գործը
«Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի ծեծի ենթարկման կապակցությամբ հարուցված քրեական գործն ընթանալու է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անմիջական վերահսկողության ներքո:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:
Հիշեցնենք, գիշերը Մոսկվայի իր բնակարանի շքամուտքի մոտ դաժան ծեծի էր ենթարկվել «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը: Ականատեսները վկայել են, որ հարձակում գործածները երկուսն են եղել, ովքեր ծեծել են բռունցքներով ու «ինչ-որ իրերով»: Ծանր վնասվածքներով Կաշինը տեղափոխվել էր քաղաքային թիվ 36 հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Նրա մոտ գլխուղեղի կոտրվածք է եղել և նա մի քանի օր արհեստական կոմայի մեջ է գտնվելու:
Տուժածի դրամապանակը, հեռախոսն ու այլ թանկարժեք իրեր եղել են տեղում:
«Կոմերսանտ»-ի գլխավոր խմբագիր Միխաիլ Միխայլինը «ՌԻԱ-նովոստի»-ին ավելի վաղ հայտնել էր, որ Կաշինի վրա կատարված հարձակումը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: