Մահմուդ Խան. « Ժպտացե՜ք, եւ միշտ` ցանկացած իրավիճակում, եղեք բարեհամբույր»
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը և Հայաստանի ռեստորանների ասոցիացիան Հայաստանի առաջատար հյուրանոցների և ռեստորանների 20 ղեկակավարների համար 2 շաբաթ առաջ կազմակերպեցին վերապատրաստման դասընթաց՝ «Հյուրընկալության և ռեստորանային կառավարում» թեմայով: Այսպիսով` արդեն 4-րդ անգամ Հայաստան հրավիրելով ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և պետական համալսարանի Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանին:
Վերջինս արդեն 30 տարի ներգրավված է հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտությունների անցկացման, դասավանդման և ղեկավարման աշխատանքներում:
Պրոֆ. Խանը առաջին դասը սկսեց մի խորհուրդով, որն իր կարծիքով, հաջողության իրական հիմքն է. «ԺՊՏԱՑԵՔ, եւ միշտ` ցանկացած իրավիճակում, եղեք բարեհամբույր, միայն այդպես կարելի է հյուրին ընդունել, եւ դա է միակ ձեւը նրա բարեհաճությանը արժանանալու, ինչը եւ այս բիզնեսի հաջողության գրավականն է»:
CAPS ծրագրի աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերդյանը համոզված է, որ դասընթացները կտան իրենց դրական արդյունքները:
«Այս ծրագրով մենք վերապատրաստեցինք Հայաստանի առաջատար հյուրանոցների և ռեստորանների 20 ղեկավարների: Դասընթացներն իրոք հետաքրքիր և ուսուցանելի էին նրանց համար: Բոլորը աշակերտի նման առավոտից երեկո ներկա էին դասընթացներին և ակտիվ մասնակցում էին քննարկումներին»,- ասաց Անուշ Շահվերդյանը:
Վերապատրաստման դասընթացից հետո, նոյեմբերի 1-ին, անցկացվեց նաև քննություն: Քննական թերթիկները փակ ծրարով արդեն ուղարկվել են Ամերիկայի ռեստորանների ասոցիացիա: Նոյեմբերի վերջին կլինեն քննության արդյունքները և դրական պատասխանի դեպքում մասնակիցները կստանան համապատասխան վկայագրերը:
«Նմանատիպ միջոցառումներն ազդում են ղեկավար օղակների ինչպես մտածելակերպի, այնպես էլ հոգեբանության վրա: Եթե նա սովորում է կառավարման ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդներ, նա այլևս չի ղեկավարվի նախորդ մեթոդներով, քանի որ արդեն գիտակցում է , որ նոր մեթոդների կիրառումը կարող է նպաստել իր գործունեության զարգացմանը»,- նշում է Անուշ Շահվերդյանը:
Մասնակիցների գնահատմամբ, ծրագիրն իրոք արդյունավետ էր ու լիովին անհրաժեշտ` սպասարկման ոլորտի արժեքավոր գիտելիքների եւ նոր հմտությունների ձեռքբերման առումով:
Բացի երևանյան վերապատրաստման դասընթացներից, պրոֆեսոր Մահմուդ Խանը այցելել է նաև Եղեգնաձոր , Վայք և Ջերմուկ։ Եղեգնաձորում հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի ուսանողների հետ և «Հաճախորդների սպասարկում» թեմայով անցկացրել է սեմինար։
Վերապատրաստման դասընթացներ են կազմակերվել նաև հայ-հունական քոլեջի դասախոսական կազմի համար: