Չինական բժշկության կենտրոն Հայաստանում. կլինիկայի տեղի ու դրա հետ կապված ծախսերի վերաբերյալ կոպիտ հաշվարկներ արդեն կան
Հայաստանում, հնարավոր է չինական բժշկության կենտրոն ստեղծվի, որը միակը կլինի տարածաշրջանում: Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի պետ Նարինե Բեգլարյանը:
Օրերս, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Չնաստանում, այնտեղ հանդիպել է գործընկերոջ հետ:
Ըստ Ն. Բեգլարյանի, հայկական կողմը հանդես է եկել Հայաստանում չինական բժշկության կենտրոն բացելու առաջարկով, որին չինական կողմը ոգևորությամբ է արձագանքել:
«Մենք նախապատրաստել էինք այսպիսի կենտրոն ստեղծելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծ, որը նախապատրաստվում ենք պաշտոնական ներկայացնել առաջիկայում նախատեսվող հայ-չինական միջկառավարական նիստին: Դրա ժամանակ էլ առաջարկը չինական կողմից կամ հավանության կարժանանա, կամ ոչ: Բայց պետք է նկատել, որ մեր առաջարկին նրանք մեծ ոգևորությամբ են արձագանքել»,-նշեց նա:
Ն. Բեգլարյանի խոսքով, կենտրոնում պետք է ինտեգրվեն արևմտյան և չինական բժշկության մեջ կիրառվող տեխնոլոգիաները: Կենտրոնը կլինի ուսումնաբժշկական ու գիտական, բացի այդ` տարածաշրջանային: Կենտրոնում կբուժվեն տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդներ, սակայն չինական եղանակով:
Նախարարության միջազգային բաժնի պետը նշեց, որ նախագծի հավանության արժանանալուց հետո միայն կքննարկվեն դրա մանրամասները: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե կենտրոնը տեխնիկական հագեցվածության առումով որքան կկարողանա չինական կողմն ապահեվել, և որքան` հայկական կողմը:
Վերջում բաժնի պետը նշեց, որ բուժման գնի ու կենտրոնում պետպատվերի գործելու հետ կապված հարցերի մասին խոսելը վաղ է: Նա նաև նշեց, որ կլինիկայի տեղի ու դրա հետ կապված ծախսերի վերաբերյալ կոպիտ հաշվարկներ արդեն կան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան