Փակ շուկայի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է. այն փակվելու է հունվարից հետո
Երևանի Փակ շուկայի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, և նա պատրաստվում է այդտեղ շատ լուրջ վերակառուցման աշխատանքներ իրականացնել ու ժամանակակից պայմաններին համապատասխան առևտրի կենտրոն ստեղծել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկբին Երևանի Փակ շուկայի առևտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել` տեղեկանալով, որ հոկտեմբերի 14-ին շուկան փակվելու է անորոշ ժամանակով: Բողոքող առևտրականները խնդրել էին, որ վերանորոգումը տեղափոխվի Ամանորից հետո, քանի որ իրենք վերցրել են վարկեր, պարտքեր կուտակել` Ամանորին պահեստավորված ապրանքը վաճառելու համար:
«Հիմա եթե դուք փակեք շուկան, մեր ապրանքը պահեստներում փչանալու է, իսկ մենք տոկոսների տակ ենք մնալու: Խնդրում ենք համբերեք մինչև դեկտեմբերի 31-ը, վաճառենք, վերջացնենք, հետո վերանորոգեք»,- խնդրել էին առևտրականները:
«Վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեին հոկտեմբերի 14-ից, սակայն հաշվի առնելով տեղում աշխատողների խնդրանքը, որոշում է կայացվել վերանորոգման աշխատանքներն սկսել հունվարից հետո», -փոխանցեց ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:
Նշենք, որ 1952 թվականին կառուցված այս շինությունը ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, ինչը նշանակում է, որ կառույցը գտնվում է պետության պաշտպանության ներքո:
Խաչիկ Գալստյանն ասաց, որ վերակառուցման աշխատանքներն իրականացվելու են ճարտարապետական նախագծին համապատասխան: «Շենքի արտաքին տեսքը պահպանվելու է, ուղղակի այն հարմարավետ է դարձվելու քաղաքակիրթ առևտուր անելու համար: Պետք է նաև ստորգետնյա կայանատեղի կառուցվի, ինչը խնդիր է այդ շուկայի համար», -հավելեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան