Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին երկու ժամ պահել են Աբու-Դաբիի օդանավակայանում
Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով Արաբական Միացյալ էմիրություններ այցի ժամանակ ստիպված է եղել երկու ժամ սպասել Աբու-Դաբիի օդանավակայանում: Պատճառը Դավութօղլուի շքախմբի անդամների իրերի ստուգման ժամանակ անվտանգության աշխատակիցների մոտ առաջացած կասկածներն են եղել:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է իր դիվանագիտական անձնագիրը, նրան թույլատրել են մուտք գործել երկիր: Դավութօղլուն հրաժարվել է օգտվել այդ լիազորությունից, երբ նկատել է, որ իր հետ ժամանած պատվիրակության որոշ անդամների մուտքը շարունակվում է խոչընդոտվել:
Խնդիրը հարթվել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել են Էմիրությունների արտգործնախարարն ու ներքին գործերի նախարարը: Ըստ տեղեկատվության, Էմիրությունների իշխանությունները պաշտոնական ներողություն են խնդրել Դավութօղլուից ու նրան ուղեկցող պատվիրակության անդամներից: