Ոջլոտության դեպքերը ամենաշատը Երևանում են
Հայաստանում ողջլոտության (պեդիկուլյոզ) դեպքերը տարեց տարի նվազում են: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ոջլոտության 454 դեպք, այն դեպքում, երբ 2009-ին այդ դեպքերի քանակը կազմել է 666: ԱՆ սանիտարահիգիենիկ հակահամաճարակային տեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ոջլոտության դեպքերը հիմնականում հանդիպում են մինչև 14 տարեկան երեխաների մոտ:
Ըստ տվյալների, այս տարի մինչև օգոստոս ոջլոտություն արձանագրվել է մինչև 14 տարեկան 429 երեխայի մոտ:
Լիանա Թորոսյանն ասում է, որ ոջլոտության դեպքերը ամենաշատը տարածված են Երևանում: «Կզարմանաք, բայց ասեմ, որ Երևանում շատ են հանդիպում ոջլոտության դեպքեր: Դրա պատճառն այն է, որ այստեղ է ուսումնական հաստատությունների հիմնական կենտրոնացվածությունը», -նշեց Թորոսյանը:
Թորոսյանի վստահեցմամբ, կրթական բոլոր հաստատություններում` և մանկապարտեզներում, և դպրոցներում բուժանձնակազմը պարբերաբար ստուգում է երեխաների շրջանում` պարզելու կա՞ ոջլոտություն նրանց շրջանում, թե՞ ոչ:
Մասնագետի խոսքով, ոջլոտության պատճառը կեղտոտությունն է, և դրանից կարելի է խուսափել ուղղակի մաքուր լինելով: