Ադրբեջանում լրագրողները ենթարկվում են ճնշումների ընտրախախտման դեպքն արձանագրելու համար
«Ազադլիգ» ռադիոկայանի լրագրողուհին ոչ միայն ականատես է եղել ընտրախախտման մի քանի դեպքերի այլ դրանց համար ճնշումների է ենթարկվել:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Օրդուբադ շրջանի ընտրատեղամասերից մեկում Ադրբեջանի քաղաքացին իր քվեարկությունը կատարել է մի տեղամասում, սակայն գրանցված է եղել այլ տեղամասում: Փաստորեն, ընտրողը քվեարկել է երկու անգամ, ինչի իրավունքը չունի, ավելին` այդ ամենը չի խոչընդոտվել ոչ մեկի կողմից:
Սակայն նշված խախտման դեպքը նկարահանած լրագրողուհուն ընտրատեղամասի ներկայացուցիչները պարտադրել են տեսանյութը ոչնչացնել: Բացասական պատասխան ստանալով լրագրողին թույլ չեն տվել դուրս գալ ընտրատեղամասից մինչև ոստիկանության գալը:
Ինչ է ստացվում: Խախտում կատարողը խրարխուսվում է կամ պարզապես ճնշումների ու պատասխանատվության չի ենթարկվում, փոխարենը ճնշումների է ենթարկվում այդ խախտումն արձանագրած լրագրողը: Այլ կերպ ասած, Ադրբեջանում ընտրախախտում կատարել կարելի է, բայց նկատել ոչ, ավելին` այդ ամենը նկատելը ավելի կոպիտ խախտում է և ենթակա է ճնշման:
Միևնույն ժամանակ Նախիջևանում լրագրողներին պարզապես թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:
Թուրան էլեկտրոնային կայքի լրագրողը հայտնել է, թե իրեն ընտրական հանձնաժողովի անդամները բաց տեքստով ասել են, որ «Իրենք կտրուկ հրահանգ են ստացել լրագրողներին թույլ չտալ մտնել ընտրատեղամաս»:
Նկատենք, որ քվեարկության ժամանակ լրագրողների մուտքն ընտրատեղամասեր օրենքով արգելված չէ: