Մարզերի դպրոցներում այսօր անցկացվել է արտաքին ընթացիկ գնահատում
Գնահատման և թեստավորման կենտրոնն այսօր հանրապետության մարզերի մի շարք դպրոցներում 5-րդ և 6-րդ դասարաններում անցկացրել է արտաքին ընթացիկ գնահատում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Նա նշեց, որ մարզերի որոշ դպրոցներում արտաքին ընթացիկ գնահատումը շարունակվելու է նաև վաղը: Նրա խոսքով, 5-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատումն անցկացվել է «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաներից, իսկ 6-րդ դասարաններում` օտար լեզվից:
Նրա խոսքով, Երևանի բոլոր համայնքների մի շարք դպրոցներում վերոնշյալ առարկաներից 5-րդ և 6-րդ դասարններում արտաքին ընթացիկ գնահատումն անցկացվել է հոկտեմբերի 4-ին և 5-ին:
Գ. Մանուկյանի խոսքով, դպրոցներում արտաքին գնահատում անցկացնելու նպատակն է ստուգել միջնակարգ դպրոցի աշակերտների գիտելիքները:
«Դպրոցներում արտաքին գնահատում անցկացնելու և դրանց արդյունքների վերլուծության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում կրթության որակը և ներկայացնել անհրաժեշտ բարեփոխումների ծրագրերը: ԳԹ կենտրոնի նպատակն է դպրոցներում ոչ միայն իրավիճակն ուսումնասիրելը, այլ նաև համապատասխան «դեղատոմս» առաջարկելը, որը հնարավորություն կտա շտկել իրավիճակը»,- ասաց ԳԹԿ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Գնահատան և թեստավորման կենտրոնը հոտեմբերին արտաքին գնահատումն անցկացրել էր հանրապետության 91 ավագ դպրոցների 10-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից, որոնց արդյունքները կներկայացվեն առաջիկայում:
Գ. Մանուկյանը նշեց, որ նոյեմբերի վերջին հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացվելու է ազգային ստուգատես հայագիտության թեմայով. 8-րդ դասարանիցները լրացնելու են թեստեր, որտեղ ընդգրկված են լինելու հարցեր «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից: Դեկտեմբերին հանրապետության դպրոցների 7-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում կանցկացվի բնագիտական առարկաներից` ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն:
Նրա խոսքով, նախատեսվում է այսուհետ արտաքին գնահատում անցկացնել հանրակրթական դպրոցների բոլոր դասարաններում: