Արմեն Շահբազյան. «Դիջիթեք 2010-ը աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ»
Դիջիթեքը դարձավ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն միջոցառումը, որը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը այս տարվա միջոցառումը բնորոշելով որպես լավագույնը բոլոր նախորդ ցուցահանդեսներից` գնահատեց, թե Դիջիթեքն արդեն դառնում է տոն, որը միավորում է ՏՏ ոլորտը` ամեն տարի նոր հետաքրքիր, բազմազան դրսեւորումներով:
Ինչևէ, ավանդաբար անցկացվող ամենամյա Դիջիթեք ցուցահանդեսն այս տարի սահմանեց նոր ռեկորդ` գերազանցելով նախկին ցուցահանդեսների բոլոր լավագույն ցուցանիշները:
Դիջիթեք 2010-ին մասնակցեց 68 ընկերություն, անցած տարվա 52-ի փոխարեն, իսկ այցելուների թիվը հասավ 16 հազարի` 12 հազարի փոխարեն: Ցուցադրող արտասահմանյան ընկերությունների եւ դրանց ներկայացուցչությունների թիվը կրկնապատկվեց` հասնելով 10-ի: Կրկնապատկվեց նաեւ հովանավորների քանակը, անցած տարվա հովանավոր 2 ընկերության փոխարեն` այս տարի հանդես եկան 4-ը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի գործարար միությունների մասնագետ Արմեն Շահբազյանի փոխանցմամբ, Դիջիթեք 2010-ը աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ:
« Ընկերությունները ավելի լավ էին պատրաստվել իրենց արտադրանքը ներկայացնելու համար, տաղավարները ձեւավերված էին պրոֆեսոնալ ցուցահանդեսային ոճով: Մասնակիցները տարբեր մարկետինգային հնարքներով առավել տեսանելի եւ գրավիչ էին դարձրել իրենց ներկայությունը, աճել էր նաեւ հատուկ գովազդային ակցիաներ իրականացնող ընկերությունների թիվը `2-ից հասնելով 7-ի»,- նշեց Արմեն Շահբազյանը:
Այս տարվա Դիջիթեքի կարեւոր նվաճումներից էր ինժեներական լուծումներ առաջարկող ընկերությունների աճը, եւ Դիջիթեք 2009-ի այդպիսի 4 ընկերության փոխարեն` այս անգամ դրանք 15-ն էին: