ՀՀԿ. Ինչպիսի՞ գնահատական տալ մի երկրի, որտեղ դիվերսանտի հուղարկավորությունը առաջին դեմքի մասնակցությամբ է իրականացվում
«Ինչպիսի գնահատական տալ մի երկրի, որտեղ ազգային հերոսներ են համարվում դիվերսանտները, ահաբեկիչները, հանցագործները: Ինչպիսի՞ գնահատական տանք մի երկրի, որտեղ մարդասպաններին, դիվերսանտներին պաշտոնական արարողակարգով են հուղարկավորում, ինչին, ի դեպ մասնակցում է այդ երկրի առաջին դեմքը: Կարծում եմ՝ նման երկրին ու լիդերներին արժանի գնահատական կտա հենց ադրբեջանական ժողովուրդը»,- անդրադառնալով այն փաստին, որ շաբաթ օրը ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնված դիվերսանտների՝ Ադրբեջանում տեղի ունեցած թաղման արարողութունը պաշտոնական մակարդակով է անցկացվել, ինչին մասնակցել է նաև այդ երկրի նախագահը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ հենց նման մոտեցումներն ու գործելաոճն է բնութագրում ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն ու նրանց կողմից որդեգրած քաղաքականությանը: «Մեկ բան միանշանակ է՝ միջազգային հանրությունը պետք է համապատասխան հետևություններ անի ու գնահատական տա այդօրինակ քաղաքականությանը»,- ասաց խորհրդարանականը:
Նշենք, որ Արցախի իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների` Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի աճյունները:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովը և Ֆարիդ Ահմեդովը զոհվել էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնելու ժամանակ` առաջինը` հունիսի 18-ին (Չայլու) իսկ երկրորդը`սեպտեմբերի 4-ին: Ի դեպ, Մուբարիզ Իբրահիմովն այլևս Ադրբեջանի ազգային հերոս է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում