Թուրք պատգամավոր. 30 տարի է գիտեմ Աբդուլլահ Գյուլի հայկական ծագման մասին
Թուրքական «Aksiyon» շաբաթաթերթի լրագրողը հարցազրույց է անցկացրել ամենասկանդալային ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր, տիկին Ջանան Արըթմանի հետ: Վերջինս պատասխանել է բազմաթիվ հարցերի` սկսած անձնականից մինչև քաղաքական:
Շաբաթաթերթի էլեկտրոնային կայքում հրապարակվել է հարցազրույցի բովանդակությունը, որում առկա է նաև ժամանակին մեծ աղմուկ հանած, Թուրքիայի ներկայիս նախագահի հայկական արմատներին վերաբերող հարցը:
Հիշեցնենք, որ այդ հարցը բարձրացվել էր այն ժամանակ, երբ 2008-ին Ստամբուլում սկսվել էր «Ներեցեք մեզ, հայեր» ինտերնետային ստորագրահավաքի արշավը, որին, ի դեպ, միացել էին հազարավոր թուրքեր:
Ստորև ներկայացնում ենք այդ թեմային վերաբերող հարցուպատասխանի հատվածը:
- Զղջացե՞լ եք նախագահ Աբդուլլահ Գյուլի էթնիկ արմատների մասին ժամանակին արած Ձեր հայտարարության համար:
- Իմ խոսքերն աղավաղվել են: Ես սխալ բան չեմ ասել ու չեմ զղջացել: Ես բժիշկ եմ: Ամենքին միայն մարդկային տեսանկյունից եմ նայում: Էթնիկական ինքնությունը պատիվ ու արժանապատվություն է: Իմ խոսքում խտրական ու նվաստացուցիչ որևէ բան չի եղել: Այդ հայտարարությունն արել եմ մեր կուսակցության թղթակցին: Անկեղծ զրույց էր: Նրան էլ հարցրել եմ, թե ինչո՞ւ են բոլորը դատապարտում հայերից ներողություն խնդրելու արշավը, բայց չեն քննադատում նախագահին: Այդ հարցնելուն պես իսկույն հավելել եմ. «Միգուցե էթնիկական պատկանելությունն է իր գործն անում: Այսինքն դա չէի ասել գրելու համար: Ես այդ տեղեկությունը գիտեմ առնվազն 30 տարի: Բայց ոչ մի տեղ չեմ օգտագործել:
- Իսկ որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը:
- Մանրամասների մեջ եկեք չմտնենք:
Նշենք, որ օրերս 11 ամսվա ազատազրկման դատապարտվեց թուրքական «Haberinyeri» լրատվական կայքի խմբագիրը «Գյուլը հայկական ծագում ունի» տողը պարունակող մեկնաբանությունը ժամանակին չջնջելու համար: Խմբագրի դեմ դատական հայցը ներկայացրել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմը: