Ադրբեջանի ԱԳ նախարարությունը վրդովված է ԱՄՆ պետքարտուղարության գնահատականից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին երեկ հայտարարությամբ էր հանդես եկել, համաձայն որի խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: Պետքարտուղարությունն արձանագրել էր «լուրջ խնդիրներ» նախընտրական, ինչպես նաև հենց բուն ընտրական գործընթացի ժամանակ:
«Նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, կապված Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ ընդունում ենք զարմանքով ու հիասթափությամբ», - ասված է Ադրբեջանի ԱԳ գերատեսչության տարածած հայտարարությունում:
Տեքստում նշված է, թե ԱՄՆ պետաքարտուղարության այս կամ այն երկրում անցկացված ընտրություների վերաբերյալ գնահատականը, որպես կանոն, չի տարբերվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականից:
«Պետքարտուղարությունը հայտարարել է, թե նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում «չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին»: Հայտարարությունում վկայակոչվում են այն եզրահանգումները, որոնց հանգել են ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունները, ԵԽԽՎ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ու Եվրախոհրդարանի առաքելությունները: Սակայն վկայակոչվող փաստաթուղթը, չի պարունակում այն գնահատականը, որը տվել է Պետքարտուղարությունը», - ասված է տարածված հայտարարությունում:
Ադրբեջանական կողմը որպես հիմնավորում նշում է, թե դիտորդական առաքելությունները, մասնավորապես, դրական են գնահատել ընտրական գործընթացը այցելած ընտրատեղամասերի 90 % -ում, ինչը խոսում է այն մասին, թե, ընդհանուր առմամբ, ընտրություններն արժանացել են ժողովրդի վստահությանը:
Հատկանշական է, որ դիտորդական առաքելությունների հայտարարությունների երկիմաստության մասին երեկ բողոքել էր անձամբ Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանես Լենարչիչի հետ հանդիպման ժամանակ: Մամեդյարովը նշել էր, թե խորհրդարանական ընտրությունների գնահատականներում հակասական դրույթներ ու երկիմաստություն կա: