Milliyet. Հայ-թուրքական կարգավորման գործընթացի տապալման պատասխանատուները մենք ենք, ոչ Երևանը
Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որը ոչ պաշտոնապես հայտնի է «Չեթմ հաուս» (Chatham House) անվանումով, այս տարվա քաղաքական գործիչ ճանաչեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Նախօրեին Գյուլը Լոնդոնում պարգևը ստացել է անձամբ թագուհի Էլիզաբեթից:
Թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը, անդրադառնալով այդ թեմային, կենտրոնանում է այն իրողության վրա, որ Գյուլին մրցանակը շնորհվել է նաև հայ-թուրքական կարգավորման գործին աջակցելու համար: Բիրանդն ափսոսանք է հայտնում, որ հարաբերությունների կարգավորումը փաստորեն ավարտին չհասցվեց:
«Որքան էլ մենք կարգավորման գործընթացի տապալումը բարդենք Երևանի վրա, իրականում դրա պատասխանատուները մենք ենք: Խոնարհեցինք մեր գլուխը Ադրբեջանի հակազդեցության առաջ: Ավելի ճիշտ, ազերի եղբայրներին չկարողացանք բավականաչափ տեղեկություն տալ: Նրանք վերջին պահին մեզ կես ճամփին թողեցին: Հետևանքն էլ եղավ այն, որ մեր անհաջողության պատճառով հայկական խնդրի լուծումը կես ճամփին շվարած սպասում է»,- ըստ «Milliyet»-ի` գրում է Բիրանդը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահին այդ մրցանակը շնորհվել է միջազգային ասպարեզում կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ջանքեր գործադրելու, Պակիստանի և Աֆղանստանի առաջնորդներին մեկտեղելու նախաձեռնության, իրաքյան խնդրում ունեցած ներդրումի համար: