Արտակ Ղազարյան. «Յուրաքանչյուր հաջորդ Դիջիթեքը գերազանցում է նախորդների գրանցած նույնիսկ ամենալավ ցուցանիշները»
ՏՏ ոլորտի մասնագետների կարծիքով, ամենայմա Դիջիթեք ցուցահանդեսն այս տարի գերազանցեց նախկին ցուցահանդեսների բոլոր լավագույն ցուցանիշները:
Լուրջ հաջողություններ գրանցեցին նաև Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ աշխատող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրի կողմից հովանավորվող սկսնակ ձեռնարկությունները, որոնց տաղավարները միջինում ունեցան 1000 այցելու, իսկ այցելուների 10 %-ը, ընկերությունների գնահատմամբ, իրենց պոտենցիալ հաճախորդներն են:
Այսպիսով, այս անգամ ոչ միայն հաճախորդների քանակն ավելացավ, այլև բարելավվեց այցերի որակական բնույթը` դառնալով առավել նպատակային, քանի որ նրանք այս անգամ փնտրում էին կոնկրետ գործընկերներ եւ հատուկ թիրախային լուծումներ: USAID/CAPS-ի կողմից հովանավորված բոլոր 11 ընկերությունները, ըստ CAPS-ի իրականացրած հետազոտության արդյունքների, մասնակցելու են նաև 2011 թ. ցուցահանդեսին և մտադիր են ավելի մեծ ներդրում կատարել մարկետինգային միջոցառումների մեջ: USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի գնահատմամբ, Դիջիթեք միջոցառումներն իրոք կայացել են:
«Ուրախ եմ փաստել, որ յուրաքանչյուր հաջորդ ցուցահանդեսը գերազանցում է նախորդների գրանցած նույնիսկ ամենալավ ցուցանիշները: Այս Դիջիթեք 2010 ցուցահանդեսն էլ դրա վառ ապացույց է և ներկայացված ընկերությունների արդյունքներով, և նրանց տաղավարների հարուստ բովանդակությամբ ու տպավորիչ տեսքով: Համոզված եմ, որ այս հարթակը լավագույնն է սեփական ձեռքբերումները ներկայացնելու, նոր գործընկերներ գտնելու ու նոր շահավետ կապեր հաստատելու համար: Կարեւոր եմ համարում, որ մեր աջակցությամբ այս տարի Դիջիթեքին մասնակցեց 11 նորաստեղծ ընկերություն, եւ, կարծում եմ, նրանց համար ևս սա փայլուն հնարավորություն է շուկայի կայացած մասնակիցների հետ շփվելու, իրենց գաղափարները ցուցադրելու եւ հենց սկզբից ընկերության ապագա գործունեությունը ճիշտ պլանավորելու համար»,-նշեց USAID/CAPS ծրագրի ղեկավարը:
Արտակ Ղազարյանի փոխանցմամբ, թեև վերջին տարիների առաջընթացը նկատելի է, այնուամենայնիվ, այս ոլորտը Հայաստանում դեռեւս ունի չիրացված մեծ պոտենցիալ, եւ պետք է շարունակել համատեղել ջանքերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային շուկայում լավագույնս ներկայացնելու ու առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ: