ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային լուծել իր սահմանային խնդիրները
Երեկ հրապարակված զեկույցում Եվրամիության գործադիր օրգան Եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ բալկանյան երկու երկրների` Խորվաթիայի և Մոնտենեգրոյի ԵՄ անդամակցության բանակցություններն արդեն մոտեցել են իրենց եզրափակիչ փուլին, մինչդեռ Թուրքիան պետք է հետամուտ լինի իր սահմանային հարցերի լուծմանն ու Կիպրոսի հետ հարաբերությունների կարգավորմանը:
ԵՄ զեկույցում մասնավորապես քննադատվում են Թուրքիայում խոսքի և դավանանքի ազատության սահմանափակումները. «ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը պետք է ուժեղացվեն ինչպես Թուրքիայի իրավական դաշտում, այնպես էլ գործնական կիրառության մեջ: Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի 2009թ-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանի հետ սկսված երկխոսությունն ավարտի հասցնելու ուղղությամբ, ինչպես նաև` կարգավորի իր հարաբերությունները Հունական Կիպրոսի հետ»,-նշված է զեկույցում:
ԱՄՆ-ում գործող գերմանական «Մարշալ» հիմնադրամի կողմից վերջերս իրականացրած հետազոտությունների արդյունքների համաձայն` ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիային աջակցողների թիվը 2004թ-ի համեմատ ընկել է 35%-ով: