Օտարերկրացիները Լոնդոնում Ղարաբաղի տաղավարի մասին`«Հարմարավետ, հետաքրքիր, ջերմ ու հյուրընկալ»
Չնայած այն հրապարակումներին, որ Ադրբեջանը կբողոքի ու կփորձի ձախողել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը Լոնդոնում անցկացվող World Travel Marketզբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին, այնուամենայնիվ Ղարաբաղը մասնակցում է և ունի իր առանձին տաղավարը` հենց Հայաստանի տաղավարի կողքին: Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերի 11-12-ը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մասնակցել են World Travel Market-ին առանձին տաղավարներով:
Այս տարի, ինչպես հաղորդել էր թուրքական Cihan գործակալությունը, ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել WTM-ի ներկայացուցիչներին, որոնցում նշում են, թե իբր «Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է հայկական ուժերի կողմից և մինչև օրս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց էլեկտրոնային նամակներում զգուշացրել են Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ:
Բլոգներից մեկում զետեղված մի հրապարակման մեջ հեղինակը կարծիք է հայտնում, որ ղարաբաղյան տաղավարը լավ ձևավորված է, գեղեցիկ, հարմարավետ, տաք ու ավելի հետաքրքիր է, քան հենց Հայաստանի ու Ադրբեջանի տաղավարները: Միակ բանը որ դու չի եկել հեղինակին, «Karabakh» բառի տառերի մեջ եղած փոքր խաչերն են եղել:
«Ցուցահանդեսում Ղարաբաղի անկյունը մի տեղ է, որտեղ կարող ես մի բաժակ սուրճ, թեյ կամ գինի խմել ու ընկերական զրուցել: Այնտեղ իրոք տաք է, հարմարավետ ու հյուրընկալ: Հիասքանչ է. ահա այն առաջին զգացումը, որն ունեցա այն տեսնելուն պես»,-գրում է հեղինակը:
Հայաստանի տաղավարում հեղինակին դուր է եկել պատվիրակության անդամների վերաբերմունքը` ընկերական են, օգնելու պատրաստակամ, ուրախ ու աշխույժ: Նա դժգոհում է, որ արդի Հյաաստանից ոչինչ չկար տաղավարում, ամբողջը եկեղեցիներ են ու ազգային բաներ:
Ադրբեջանի տաղավարը նա գնահատում է որպես սովորական: Ադրբեջանի մեծ քարտեզ` որի վրա ադրբեջանցիները հիշել են «Հայաստանի կողմից օկուպացրած» տարածքների մասին:
Հարավային Կովկասի երկրների տաղավարներից նրան դուր է եկել Վրաստանի տաղավարը, որտեղ նա տեսել է արդիականություն: