«Սինոփսիս Արմենիա»-ին հանձնվեց ԱՄՆ պետդեպարտամենտի գերազանցության մրցանակը
Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար այսօր ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչը «Սինոփսիս-Արմենիա» ընկերությանը շնորհեց ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի գործերով քարտուղարի տեղակալ Ռոբերտ Դ. Հորմատսի կողմից սահմանված մրցանակը:
ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչի փոխանցմամբ, Սինոփսիս Արմենիա ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերություններից մեկը:
«Սինոփսիս-Արմենիան ընտրվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած ռեկորդային 78 հավակնորդների շարքից: Եզրափակիչ փուլում հայտնվել են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարևոր դերը, որը կատարում են արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ»,- նշեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Սինոփսիսը ճանաչվել է որպես ծրագրավորման և ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ և աշխատում է աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում:
«Այս բարձր մակարդակի ճանաչումը մեզ համար մեծ պատիվ է և հստակ ապացույցն այն ամենի, ինչ մենք իրականացնում ենք Հայաստանում՝ Հայաստանի համար: Մենք հպարտ ենք մեր կողմից իրականացվող եզակի գործունեության համար: Այս մրցանակը շատ կարևոր է ոչ միայն Սինոփսիսի և իր հայաստանյան մասնաճյուղի , այլ նաև Հայաստանի՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ հավակնություններ ունեցող երկրի համար»,-նշեց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա նաև շնորհավորեց իրենց հետ համագործակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ նշելով, որ իրենք նույնպես իրենց լուման ունեն այս մրցանակը ստանալու հարցում: Հովիկ Մուսայելյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Սինոփսիս Արմենիայի մշտական գործընկերներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ընկերությանը և Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ աշխատող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան