Հայատյաց ֆիլմեր նկարելու համար պետական գումարներ են ծախսվում
Հարևան Ադրբեջանում ու Թուրքիայում գումարներ են հատկացվում ֆիլմեր նկարահանելու համար, որոնցում հայերը ներկայացվում են որպես քոչվորներ, նենգ ու արյունարբու ահաբեկիչներ, մշակութային գողեր, նացիստներ: Հայատյացություն սերմանող այս ֆիլմերից մեկը նաև պարտադիր կերպով ցուցադրվել է Թուրքիայի դպրոցներում:
Այսօր «Թեքեյան» մշակութային կենտրոնում «Ժառանգ» ՀԿ-ն կազմակերպել էր այդ ֆիլմերից մի քանիսի կինոդիտում: ՀԿ-ի հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է հայ երիտասարդությանն ու խնդրով հետաքրքրվող մարդկանց ցույց տալ, թե ինչպես են ներկայացվում հայերը ադրբեջանական ու թուրքական կինոյում, թե շարքային թուրք ու ադրբեջանցի երիտասարդի մոտ ինչպես է ձևավորվում ու արմատավորվում հայի կերպարը:
«Կոսմետիկ միջամտությամբ թշնամու կերպարը չի վերանա, ընդհակառակը նոր խնդիրների առաջ կկանգնեցնի»,- նկատի ունենալով մեկ այլ նախաձեռնությունը ` Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու վերաբերյալ, ասաց Կ. Վրթանեսյանը: ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երկու երկրների պատրաստած ֆիլմերը, որոնցով հակահայակական քարոզչություն է իրականացվում, հասնում են մի քանի հարյուրի` ներառյալ լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերը:
Հայի կերպարը փորձել են խաթարել. «Նա այդ ֆիլմերում ներկայացվում է որպես արյունարբու, փրչոտ գազան` փչացած ատամներով, որի միակ նպատակը թուրքերին ու ադրբեջանցիներին վատություն անելն է: Շատ կարևոր է իմանալ, որ այսօր Ադրբեջանում ազգային ինքնությունը կառուցվում է հայատյացության վրա: Ադրբեջանական քարոզչական հնարքները երբեմն այնքան կոպիտ են լինում, որ միայն ծիծաղ են առաջացնում, բայց այնտեղ դրանցով դաստիարակվում են»,-ասաց ՀԿ-ի անդամը` նշելով, որ այս առումով հայերը պետք է տեղեկացված ու պատրաստ լինեն:
Թեքեյան կենտրոնի լեցուն դահլիճում ներկայացվեցին այդ ֆիլմերից մի քանիսը: Առաջինը Ադրբեջանում 2002-ին արտադրված «Ջավանշիր» մուլտֆիլն էր: Ըստ սցենարի, արյունարբու հայը սպանել է Ջավանշիրի հորն ու մորը: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը մեծանում է, զինվոր դառնում, ու մի օր միայնակ դուրս գալով հայկական տանկի դեմ, պայթեցնում է այն: Մուլտն ավարտվում է Ջավանշիրի խոսքով. «Իսկապես ինչո՞ւ վախենալ հայերից»:
Նշենք, որ այս մուլտֆիլմի ընթացքում Ջավանշիրին պատմում են Ադրբեջանի սահմաններն իբր ընդարձակած իբր ադրբեջանական հերոսների մասին` Ջավանշիրի, Նադիր շահի, Շահ Աբասի ու այլոց: Պարզ է, որպես ադրբեջանական ներկայացվում է Պարասկաստանի պատմությունը: «Սա երեխաներին է ուղղված, կարծում եմ, ազդում է նրանց վրա»,-նշեց Վրթանեսյանը:
Նախորդ տարի Ադրբեջանում լուրջ ֆինանսական միջոցներով նկարահանվել է «Ադրբեջանը Ղարաբաղ է» /Qarabagdir Azerbaijan/ ֆիլմը: «Հայ ես, թե սատանա, իմացիր որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Իսկը խանը հայրենիքումդ է` Երևանում: Զանգեզուրում էլ ոտք կգցենք ու կվերջացնենք: Հայերը քոչվոր են եղել, մեր հողում հայրենիք են ստեղծել»,-սրանք ֆիլմից մեջբերումներ են: «Ֆիլմի վերանգիրն ասում է, թե առանց Ղարաբաղ Ադրբեջան չկա»,-մինչ Կ. Վրթանեսյանը ներկայացնում էր ֆիլմը, ետևի շարքից հնչեց մի ուսանողի ռեպլիկ` «Հիմա էլ Ադրբեջան չկա՞, փաստորեն»:
Այս տարի նկարահանված մի ֆիլմ էլ` «Հայկական գրագողություն» վերնագրով, որի հեղինակները բացահայտված չեն, պատմում է, թե ինչպես է հայ երգչուհին գալիս քահանայի մոտ` խոստովանելու, թե ադրբեջանական երգ է գողացել: Այստեղ ուշագրավ է մի փաստ, դերասանները խոսում են գրեթե անաղարտ հայերենով:
Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարության պատվերով 2008-ին նկարահանված «Հարյուր քսան» ֆիլմն էլ 1915 թվականի «պատերազմի» մասին է. ֆիլմում ամբողջությամբ խեղաթյուրելով իրականությունը` իրենց հայ հարևաններին ներկայացրել են արյունարբու ահաբեկիչներ ու քոչվորներ:
Դահլիճից հնչած այն հարցին, թե հայերն էլ պիտի հակաքարոզչական նման կինոներ նկարեն, բանախոսը երկրորդեց, թե կինոն նախևառաջ պիտի որակյալ ու հետաքրքիր լինի, որ մարդիկ հաճույքով նայեն։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին