Ադրբեջանական իշխանությունները՝ միջազգային կազմակերպությունների քննադատության թիրախ
Ինը միջազգային կազմակերպություններ, ի պաշտպանություն խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև՝ ընտրությունների ընթացքում լրագրողների իրավունքների ոտնահարման առնչությամբ քննադատել են ադրբեջանական իշխանություններին:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես նշվում է, որ դատապարտում են ադրբեջանական իշխանությունենրին՝ խոսքի ազատության ապահովման առնչությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու առնչությամբ: «Մենք խորապես մտահոգված ենք ազատ արտահայտման իրավունքի խախտման փաստերի առնչությամբ, ինչը վկայում է, որ ընտրությունները ազնիվ և արդար չեն եղել»,- նշված է փաստաթղթում:
Առկա խնդիրներից մասնավորապես առանձնացվել է ադրբեջանցի բլոգերների ու լրագրողների ազատազրկման փաստերը, ԶԼՄ-ում և առաջին հերթին հեռուստատեսությունում բազմակարծության բացակայությունը, իշխող վարչակարգի և կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության օգտին քարոզչությունը, իշխանություններին քննադատող կայքերի արգելափակումը, լրագրողների ու ընդդիմադիր թեկնածուների հետապնդումներ, լրագրողների նկատմամբ ճնշումներ:
Սրա առնչությամբ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ադրբեջանական իշխանություներից պահանջել են անհապաղ ազատ արձակել ազատազրկված լրագրողներին, պատժի ենթարկել այն անձանց ովքեր նրանց հետապնդման են ենթարկել, բացել արգելափակված կայքերը, հեռուստատեսությունում ապահովել բազմակարծություն, չեղյալ հայտարարել Ադրբեջանում արևմտյան ռադիոկայանների հեռարձակման արգելքը:
Հայտարարության տակ ստորագրել են՝ «ARTICLE 19», «Freedom House», «Human Rights House Foundation», «İndex on Censorship», «International Federation of Journalists», «Media Diversity Institute», «Norwegian Helsinki Committee», «Reporters Without Borders», «World Association of Newspapers and News Publishers».