Վ. Մելքոնյան. «Նաիրիտ»-ն ավելի շատ Երևանի օդն է տաքացնում, քան քիմիական արտադրանք է տալիս
Նախագահական շենքի առջև այս պահին հավաքված է «Նաիրիտ» գործարանի ավելի քան 200 աշխատակից: Նրանք պահանջում են վճարել աշխատավարձերը: Այսօր բողոքող աշխատակիցների հետ ակցիայի վայրում էր նաև գործարանի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, այս պահին նախագահի նստավայր են մտել Մելքոնյանն ու ևս 5 աշխատակից` ներկայացնելու խնդիրը:
Լրագրողների հետ զրույցում Վ. Մելքոնյանն ասաց, որ երեք ու ավելի ամսված աշխատավարձ է գործարանը պարտք աշխատակիկիցներին: «Պատճառն այն է, որ գործարանը չի աշխատում, անցած տարվա ճգնաժամի հետևանքով ունեցավ ֆինանսական լուրջ խնդիրներ ու այս տարվա սկզբից դադարեցվեց ֆինանսավորումը»,-պարզաբանեց տնօրենը, հույս հայտնելով, որ առաջիկայում այն կվերագործարկվի: Տնօրենն ասաց, որ աշխատավարձերը չվճարելը «տեխնիկական ու քաղաքական բնույթ է կրում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, ինչ ի նկատի ունի նա` քաղաքական բնույթ ասելով: «Գործարանի արտադրանքը 99 տոկոսով արտահանվում է, և այդ առումով Հայաստանի տնտեսության վրա բացասական անդրադարձ է ունենում: Պատճառը նաև էլեկտրականության, ջրի ու այլ ծառայությունների թանկ գներն են, ինչը հնարավորություն չի տալիս, որ գործարանի արտադրանքը Հայաստանում մրցունակ գին ունենա: Սա լուրջ պրոբլեմ է, և կապված է Հայաստանի տնտեսության հետ, ոչ թե միջազգային շուկայի»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով, քիմիական այս հսկայի նկատմամբ պետք է առանձնակի մոտեցում ցուցաբերվի: «Եթե «Նաիրիտի» նկատմամբ դրսևորովի այն քաղաքականությունը, ինչպիսին փոքր ձեռնարկությունների նկատմամբ է, այդ դեպքում քիմիական արդյունաբերությունը նորմալ ընթացք կունենա»,-ասաց նա, նշելով, որ պետք է գտնել լուծումներ, որոնք կնպաստեն քիմիական արտադրության զարգացմանը, քանի որ այն շատ էներգատար է ու գործարանի արդյունավետությունը 40 տոկոս է: «Մենք ավելի շատ Երևանի օդն ենք տաքացնում, քան քիմիական արտադրանք ենք տալիս»,-ասաց Վ. Մելքոնայնը:
Նա միաժամանկ հերքեց այն տեղեկությունները, թե գործարանի սեփականատերը վարչապետն է, ասաց, որ գործարանի կայքէջում գրված է սեփականատիրոջ անունը: Nairit.am-ում, համենայն դեպք մենք սեփականատիրոջ անունը չգտանք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները