Նախագահի աշխատակազմի ղեկավարը քննադատել է «Նաիրիտ»-ի ղեկավարությանը
Այսօր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների միջև կայացած հանդիպման ժամանակ Կարապետյանը խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Նաիրիտ գործարան»-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:
Ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել է, նախագահի աշխատակազմի ղեկավարը «Նաիրիտ»-ի աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո, Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին Հանրապետության ղեկավարի տված հանձնարարականներն ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծելով, որ «Նաիրիտ»-ը պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է` պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները