Թուրքիայի հետախուզական ծառայությունում մեծացել է հայերենի դերն ու նշանակությունը
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MİT) գաղտնի հրամանագրով կառուցվածքային տեսանկյունից վերակազմավորվել է: Երկու հիմնական թևերի (կորպուս) է բաժանվել` արտաքին և ներքին հետախուզություն: Ծառայության ղեկավարի` Հաքան Ֆիդանի օգնականների թիվը հասել է չորսի: Նոր մոդելի համաձայն` առաջին կորպուսը զբաղվելու է ներերկրային, արտաքինը` արտերկրային հետախուզությամբ: Առաջին կորպուսին կցվելու է հետախուզության և հակահետախուզության վարչությունները: Երկրորդին կցվելու է ռազմավարական հետախուզության վարչությունն ու բաց աղբյուրների դեպարտամենտը:
«CnnTurk» լրատվական ծառայության հիշեցմամբ` դեռևս 6 ամիս առաջ էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկել «MİT»-ի վերափոխման մասին: Նա ասել էր, որ «MİT»-ը ծանրանալու է արտաքին հետախուզության վրա: Այդ իսկ պատճառով մեծացավ «MİT»-ի հետաքրքրությունն այլ լեզուների նկատմամբ: Կատարվեցին հայերենի, արաբերենի, սերբերենի, վրացերենի, եբրայերենի, հունարենի, բուլղարերենի, ռուսերենի, ալբաներենի իմացությամբ կադրերի ընդունելություն: Բացի այդ ապահովվում է նաև ծառայության որոշ աշխատակիցների լեզվական իմացությանն ուղղված կրթությունը: