Ի՞նչ կգողանա Հայաստանից Բրեգովիչը. Ժամանակի հարց է
Աշխարհահռչակ սերբ կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը հայկական երաժշտությանը ծանոթացել է Երևան ժամանելուց ընդամենը երկու օր առաջ ու ընդհանուր կարծիք չի կարող հայտնել: «Ձեր երկիրն էլ տարածաշրջանային երկիր է և ֆոլկլորային երաժշտության վրա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ», -Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց տաղանդավոր երաժիշտը: Ասաց` հայկական կոնյակ էլ չի խմել և անպայման կխմի:
Այսօր երեկոյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ժամանակ Բրեգովիչը խոստանում է մի լավ հարբեցնել հայ հանդիսատեսին. կատարելու է շատերին սիրելի ստեղծագործություններ Gas-Gas, Maki, Maki, Kalasnikov, Ederlezi, Mesecina, իսկ երևանյան համերգային ծրագիրը կոչվելու է «Ալկոհոլ»:
Հնարավո՞ր է` հայաստանյան այցելության արդյունքում տպավորությունն այնքան բուռն լինի, որ երգ ծնվի լրագրողի հարցին ի պատասխան Բրեգովիչը համեմատություն անցկացրեց. «Երաժշտություն գրելը վարակիչ հիվանդություն չէ, որ անմիջապես գրես: Այն մի տեսակ ՁԻԱՀ-ի նման է` ժամանակ է պահանջում: Եթե հույս ունեք, որ Հայաստանից որևէ բան կարող եմ գողանալ, ապա պետք է սպասեք, դրա համար երկար ժամանակ է պետք»:
Հանուն աշխարհահռչակ ռեժիսորներ Էմիր Կուստուրիցայի հետ ընկերության է Բրեգովիչը ֆիլմերի համար աշխատել և արդեն 10 տարի է` չի աշխատում, ասում է. «Ֆիլմերի համար աշխատելը բավական նյարդային գործ է: Բախտ ունեցել եմ ֆիլմերում աշխատելու համար, բայց կյանքը կարճ է, հիմա ես այն տարիքում եմ, որ պետք է կենտրոնանալ մի գործի վրա»:
Գորան Բրեգովիչը Կուստորիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սպիտակ կատու Սև կատու»,« Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։
Բրեգովիչի համերգը կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները