Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողով
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը և Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը` վաղը կազմակերպում է Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային 3-րդ համաժողովը:
CAPS-ի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը նշում է, որ միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանում վերջին տարիներին դեղագործության ոլորտի ձեռքբերումները, քննարկել հետագա անելիքները և հիմքեր ստեղծել ոլորտի շահագրգիռ կողմերի միջև` համագործակցության հնարավորությունները խթանելու և արտասահմանյան գործընկերներ գտնելու համար:
«Նախորդ համաժողովը հիմնականում անդրադարձել է ոլորտի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրներին: Իսկ երրորդ համաժողովում տեղական և միջազգային մասնագետները, ինչպես նաև տարբեր երկրների դեղակարգավորման գործակալությունների ներկայացուցիչները կքննարկեն Եվրամիության ստանդարտների ներդրման գործընթացը, դրա համար անհրաժեշտ օրենսդրական համապատասխան դաշտի ապահովման խնդիրները, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրներում դեղի սպառման շուկաների հնարավորությունները, ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը և այլ հրատապ հարցեր»,- տեղեկացնում է Լալա Սահակյանցը:
USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը կարևորելով միջազգային չափանիշների որդեգրման գործընթացը նշում է, որ համաշխարհային շուկայում պարտադիր պահանջ դարձած GMP (Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշին անցնելու գործընթացը hայ դեղարտադրողները սկսել են, սակայն մրցունակության ցանկալի մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է օր առաջ ձևավորել համապատասխան օրենսդրական միջավայրը:
«Առանց այդ ստանդարտի հնարավոր չէ դեղ առաջարկել եվրոպական շուկային, իսկ 2014թ.-ից` նաև ԱՊՀ շուկային, ուստի GMP ստանդարտի հավաստագիրը մեր դեղարտադրության անցագիրն է դեպի միջազգային շուկա: Միևնույն ժամանակ, սա կարևոր է նաև երկրի համար, տեղական սպառողը ևս պետք է իմանա, որ տեղում արտադրված դեղերը սկսած որակական չափանիշներից, դեղի արտադրության գործարանային պայմաններից մինչև թղթաշրջանառություն, այսինքն` ամբողջ արտադրական գործընթացը պատշաճ է և համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՊԱԳ-ը որակի ապահովման առաջին երաշխիքն է, որին վստահում է ամբողջ Եվրոպան, և որին պետք է հետևեն նաև հայ արտադրողները: Այսինքն, եթե մենք ուզում ենք ունենալ վստահելի եւ արտահանման ուղղվածությամբ լուրջ ոլորտ, ապա առաջնահերթ պետք է ընդունենք ՊԱԳ ստանդարտները»,- նշում է USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա