Կրթության, գիտության նախարարությունում վարչապետի հանձնարարությունն են կատարում
Հայաստանի կրթության, գիտության նախարարությունում դեռ պատրաստում են ոլորտում իրականացնելիք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը, որ նոյեմբերի 4-ի կառավարության նիստում ԿԳ նախարարից պահանջել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն ծրագրի մշակումն ավարտման փուլում է և շուտով կներկայացվի վարչապետին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ կրթության ու գիտության ոլորտում կոռուպցիան խորացել է ու պահանջեց տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել իրեն, «ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտված նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներում մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ»:
«Նախարարը նոր է ժամանել Ստրասբուրգից, այժմ քննարկումների շրջան է, և ծրագիրը կներկայացնենք ժամկետների շրջանակում», -նկատեց Բաղդասարյանը` միևնույն ժամանակ չնկարագրելով, թե ընդհանուր առմամբ ինչ է իրենից ներկայացնելու հակակոռուպցիոն ծրագիրը: «Վարչապետին ներկայացնելուց հետո կներկայացնենք նաև հանրությանը», -տեղեկացրեց նա:
Նկատենք, որ վարչապետ Սարգսյանի քննադատությանն էր արժանացել նաև առողջապահության ոլորտը, և դրա արդյունքում արդեն առողջապահության երկու փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը հրաժարական են ներկայացրել:
Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե հնրավո՞ր է առաջիկայում նաև կրթության, գիտության նախարարությունում հրաժարականներ լինեն, նա պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան