«ՖԱՐՍ». «Իսլամական կոնֆերանսի» անդամ Ադրբեջանը վերածվել է սիոնիստական վարձկանների հավաքատեղի
Ադրբեջանի Հանրապետությունում ծավալված հակաիսլամական շարժումների ներքո այդ երկրի որոշ հրատակչություններ և լրատվամիջոցներ իսլամական սրբությունների նկատմամբ վիրավորական վերաբերմունք են դրսևորում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Թավրիզի իմամ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, քննադատելով Ադրբեջանի կառավարությանը, նշել է. «Բաքվի կառավարությունը չպետք է դառնա սիոնիստական ռեժիմի կամակատարը: Վերջերս ադրբեջանական «Ալմա» և «Յունիքալ» հրատարակչությունները Մոհամմադ մարգարեի նկատմամբ վիրավորական հոդվածներ էին հրապարակել»:
«Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության կառավարության անտարբերությանը զուգահեռ, այդ երկիրը, դառնալով Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ, վերածվել է սիոնիստական գործակալների հավաքատեղի»,-եզրափակում է իրանական կայքը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկը` Արդեբիլի իմամ Սեյյեդ Հասան Ամելին, ևս քննադատել էր Ադրբեջանի կառավարությանն ու ադրբեջանական «Ալմա» շաբաթաթերթին: