Հայաստանի խորհրդարանի օրակարգում է Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մասին հայտարարության նախագիծը
Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարություն ընդունելու մասին որոշումը: Նախագծի հեղինակն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը նախագծի հիմնավորումն այսպես է ներկայացրել. «Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգայաին հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորել հակամարտության ծագման և ծավալման վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արյունալի հակամարտության հանգեցրած իր հանցավոր գործողությունները և իրական ագրեսորին զոհ, իսկ զոհին որպես ագրեսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:
Մինչդեռ բազմաթիվ և հատկապես ոչ հայկական աղբյուրներ փաստել են Ադրբեջանի կողմից կազմակերպված և իրականացված հայերի ջարդերն ու հետապնդումները: Մասնավորապես, Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը փաստված է անմիջապես դեպքերից հետո կատարվածի վերաբերյալ, զորօրինակ, հենց Սումգայիթ քաղաքի գործադիր կոմիտեի նախագահ Ռ. Էմինբեյլու ներկայացրած զեկուցագրով, ինչպես նաև, 1988թ. նոյեմբերի 18-ին ք. Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի վճռով և 1988թ. դեկտեմբերի 20-ին ՌԽՖՍՀ Վորոնեժի մարզային դատարանի կողմից կայացրած դատավճռով, իսկ հունվարի 13-ից-19-ը Բաքվում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերը վավերագրված են 1990 թվականի փետրվարի 19-ին և մարտի 1-ին գումարված ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 3-րդ նստաշրջանի փակ նիստերում ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ.Ա.Կրյուչկովի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վ.Վ.Բակատինի կողմից ներկայացված փաստերով:
Սակայն, պատմությունը նենգափոխելու և գլխիվայր շուռ տալու պետական մարտավարությամբ, Ադրբեջանը օգտվելով հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություներում շատերի անտեղյակությունից և հարցի էությանը ծանոթ չլինելու հանգամանքից, ձգտում է կարգավորման` միմյանց հետ շաղկապված բաղադրիչների, փաթեթից առաջնահերթ լուծման համար առանձնացնել տարածքների և փախստականների հարցերը և ձեռք բերել այդ խնդիրների վերաբերյալ պահանջատիրոջ կարգավիճակ: Դրա հիման վրա, Ադրբեջանը անթաքույց նպատակ է հետապնդում հող ստեղծել իր հնարավոր նոր ագրեսիայի արդարացման համար` պահպանելով հակամարտության կարգավորման ռազամական ճանապարհը:
Առաջնահերթ խնդիր է միջազգային ատյաններում վերակագնել կատարվածի իրական պատկերը և մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման, դրա հետևանքների և չկարգավորման վերաբերյալ, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` ակտիվորեն ներգրավելով այդ գործում խորհրդարանական դիվանագիտությանը»:
Կառավարությունը նախագծի առնչությամբ առարկություններ չի ներկայացրել, և ներկայացրել է իր առաջարկած տարբերակը` հայտարարելով, որ «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման և հետևանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ և այս քաղաքականության շարունակության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»:
Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող է նշանակվել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: