Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանի իշխանություններին
«Լրագրողներն առանց սահմանների», «Արտիկլ 19» միջազգային կազմակերպությունները, Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին դատապարտող հայտարարություններ են տարածել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին անհապաղ ազատ արձակելու կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չկատարելու վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
«ՄԻԵԴ-ի որոշման բավարարման կապակցությամբ Ադրբեջանի գերագույն դատարանի նոյեմբերի 11-ի որոշումը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փոքր քայլ առաջ է, սակայն դա հեռու է արդարության հաղթահարումից: «Փաստորեն նշանակում է, որ Ֆաթուլաևը պետք է մնա ազատազրկման մեջ մինչև 2013թ. հունվար ամիսը, չնայած Եվրադատարանը որոշել էր անհապաղ ազատ արձակել Ֆաթուլաևին»,- ասված է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության հայտարարության մեջ:
Մյուս կազմակերպությունն էլ հորդորում է Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրախորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները:
Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են կատարել իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները և պետք է անհապաղ ազատ արձակեն Էյնուլա Ֆաթուլաևին:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արտիկլ 19» կազմակերպությունն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակման ուղղությամբ: Ուստի պետք է ադրբեջանական իշխանությունները հավատարիմ լինեն իրենց միջազգային պարտավորություններին` խոսքի և ինֆորմացիայի ազատության համար պայմաններ ապահովելու կապակցությամբ: