Մոտ 40 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին
Ավելի քան 40 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է կազմկաերպության գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն` Մոսկվայում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այսօրվա դրությամբ 40 երկրների ղեկավարներ հաստատել են գագաթաժողովին իրենց մասնակցությունը: Հայտնի է, որ ժամանելու են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն», - ասել է Բրիշամբոն:
Այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովին մասնակցելու համար Աստանա կժամանի Բարաք Օբաման, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ասել է, թե Միացյալ Նահանգները կներկայացնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նշենք, Եվրոպայում Անվտանգության ու համագործակցության կազմակերպությանը անդամակցում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրազիայի 56 պետություններ: Անդամ պետությունների նախագահական գագաթնաժողովը վերջին անգամ անցկացվել է 11 տարի առաջ Ստամբուլում: