Թուրքիան հետազոտում է իր նախկին նախագահին Բաքվում թունավորելու վարկածը
Թուրքիայում կրկին բորբոքվել են նախկին նախագահ Թուրղութ Օզալի կասկածելի մահվան հետ կապված քննարկումները: Այս անգամ քննարկումների համար հիմք է հանդիսացել Օզալի տիկնոջ` Սեմրա Օզալի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է Թուրքիայի նախագահին թունավորել են Բաքվում:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ թուրքական «Սաբահ» թերթի սյունակագիր Մահմուդ Օվյուրը երեկվա համարում հայտնել է, որ այդ մասին Սեմրա Օզալը հայտարարել է թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Ժամանակին Ադրբեջանում բիզնեսով զբաղված նախկին մի գաղափարակից մոտ 15 օր առաջ Գերմանիայում ինձ ասել է, որ անհրաժեշտ է Օզալի մահվան պատճառը նախ փնտրել Բաքվում: Պետք է պարզել, թե 1993 թ-ին Բաքու կատարած այցին Օզալը այնտեղ ում հետ է հանդիպել, և այդ ժամանակ միանշանակ կպարզվի նրա մահվան գաղտնիքը:Ես միանգամից հիշեցի, որ այն ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի խորքային կառուցվածքի միջև կեղտոտ հարաբերությունների հիմք էր դրված:Փաստորեն, հիշեցնելով 90-ականների սկզբին տեղի ունեցող իրադարձությունները, նա ինձ հայտնում էր, որ այդ ժամանակ Թուրքիայում և Ադրբեջանում մութ իրադարձություններ, մահափորձեր էին տեղի ունենում: 1993 թ-ին սպանվեց Ուղուր Մումջուն: Ազգությամբ քուրդ նարկոբարոն Հուսեին Բայբաշը հոլանդական բանտում ասում էր, որ թմրանյութերի հետ կապված Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերի մասին պետք է պատմի Ուղուր Մումջուին, ում էլ սպանեցին նրա այդ արտահայտությունից անմիջապես հետո: Այս ամենը քաոս էին ստեղծել և Ադրբեջանում, և Թուրքիայում»,- ասել է տիկին Օզալը:
Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի` թունավորումից մեռնելու վերաբերյալ վարկածները տարիներ շարունակ օրակարգում են: Նախկին նախագահի մահվան հետ կապված մինչ օրս հավաստի բժշկական եզրակացություն չկա: Նա մահացել է Բաքու կատարած այցից կարճ ժամանակ հետո: