Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. Տոնը հավուր պատշաճի նշելու համար կան մի շարք չլուծված խնդիրներ
Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012 թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք, սակայն մինչ 2012 թվականին տոնը հավուր պատշաճի նշելու համար մի շարք խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունենք: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Ըստ նրա, առաջին հերթին, պետք է վերականգնել գրախանութները կամ նորերը բացել: «Մայրաքաղաքի յուրաքանչյուր համայնքում պետք է գոնե մեկ գրախանութ գործի, ինչն այսօր չկա: Հիմնականում գործող մի քանի գրախանութները կենտրոնացած են մայրաքաղաքում: Մարզերում էլ գրախանութները կարելի է ասել, ընդհանրապես բացակայում են»,- ասաց նա:
Դ. Սարգսյանի խոսքով, հարկավոր է վերանորոգել, կարգի բերել հանրապետության գրադարանները: «Մայրաքաղաքում գործող գրադարանները բարվոք վիճակում են, սակայն մարզերի գրադարանները խայտառակ վիճակում են»,-ասաց նա:
ՀՀ Ազգային գրադարանի տնօրենը նշեց, որ այսօր մեծ խնդիր է նաև գրադարանները նոր գրքերով համալրելը: «Այն կարծես թե ուշադրությունից դուրս է մնացել, այնինչ այդ խնդիրն առկա է: Եթե գրադարանների գրքերը չեն թարմացվում, ապա դրանք չեն կարող բավարարել ընթերցողի պահանջարկը: Մենք ամեն ինչ պետք է անենք ընթերցող-գրադարան կապն էլ ավելի ամրապնդելու համար»,- նշեց ՀՀ Ազգային գրադարանի տնօրենը:
Ըստ նրա, կան նաև այլ խնդիրներ, օրինակ` Հայաստանում բացակայում է գրքի, ընթերցանության գովազդը:
ՀՀ Ազգային գրադարանի տնօրենն անդրադարձավ մայրաքաղաքում անցումների տակ վաճառվող գրքերին նշեց, որ ինքը շատ վատ է զգում, երբ տեսնում է, որ գրքերը գետնին դրված վաճառում են: «Այդ հարցը լուծելու համար անհրաժեշտ է բարեկեցիկ գրքի տոնավաճառ բացել, իսկ գրքավաճառներին պետք է տրամադել հատուկ տարածք: Այն վերաբերմունքն, որ այսօր կա, դա արհամարանք է գրքի նկատմամբ: Պետք է եղած բոլոր թերությունները վերացնել, որպեսզի տոնը բարձր մակարդակով նշենք»,- ասաց նա:
Նշենք, որ ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հրատարակիչների, Գրավաճառների և Գրադարանավարների երեք միջազգային կազմակերպությունները ընտրում են այն քաղաքը, որը հռչակվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ընտրությունը կատարվում է քաղաքապետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Երևանը հայտը ներկայացրել էր մարտ ամսին: Ընտրության համար հիմք են ծառայում առաջարկված միջոցառումների ծրագրի որակը, բազմազանությունը և մի շարք այլ գործոններ: Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչ այժմ կրել են 11 քաղաքներ` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը և այլ: Բուենոս Այրեսը ընտրվել է գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք` 2011թ.:
Երևանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչև 2013-ի ապրիլի 22-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ ներկայացաված փաթեթը, կրել է «Խոսքի հավերժություն» խորագիրը, որը շատ լավ խորհրդանիշ է հայ գրքի պատմության համար: Փաթեթի յուրաքանչյուր էջում ներկայացվել են այն հստակ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն 2012 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում