Ի. Մեմմեդով. Ադրբեջանի քաղաքական ապագայի վերաբերյալ լուրջ հարցեր են ի հայտ եկել
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կատարված համընդհանուր կեղծարարությունները շարունակում են մնալ Ադրբեջանում օրակարգի հիմնական թեման: Որոշ վերլուծաբաններ իշխանության ջանքերով խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի չընտրվելը գնահատում են որպես եվրոպական կառույցների առաջ ստանձնած պարտավորություններից Բաքվի միանշանակ հրաժարում:
«Ենի Մուսավաթ» թերթիի հետ զրույցում, «Real» շարժման համահիմնադիր Իլգար Մեմմեդովը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի իշխանությունն ընտրեց ընտրությունները զանգվածաբար կեղծելու ճանապարհը, ասել է. «Երևում է` ամեն օր պատերազմի մասին խոսող իշխանությունը ցանկանում է ամբողջությամբ ապահովագրել իրեն բոլոր անսպասելի ներքին քաղաքական իրադարձություններից: Իշխանությունը վտանգ է համարում խորհրդարանում նույնիսկ մի քանի ընդդիմադիրի անսպասելի ելույթը: Այնինչ հիմնական վտանգն այն է, որ մարդիկ նման ընտրությունների արդյունքում ամբողջությամբ կորցնում են վստահությունը պետության նկատմամբ: Մինչ այժմ իշխանությունը չի կարողացել ընտրողներին մոբիլիզացնել քվեարկության համար, հույսը դրել է «կարուսելի» վրա: Լավ, բա ինչպե՞ս է «կարուսել» սարքելու պատերազմում: Ինչպես պետք է իշխանությունը մոբիլիզացնի պետության նկատմամբ հավատը կորցրած քաղաքացիներին, եթե պատերազմի վտանգ լինի»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք միանգամայն այլ ուժեր ի հայտ գան ժողովրդավարությունն ու ազատությունները խեղդվող Ադրբեջանում, Ի.Մեմմեդովն ասել է. «Ընտրությունների օրը, «կարուսելի» պտտման պահերին, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ու ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը ծրագրել էին երկու շահիդների թաղումը կատարել ռազմական հանդես անցկացնելու միջոցով: Բայց, ինչպես տեսանք youtube.com-ում հրապարակված տեսանյութում, ռազմական հանդես տեղի չունեցավ, որովհետև դրան խանգարեցին քաղաքականությունից հեռու բովանդակությամբ լոզունգներ պարզած ուժերը: Ռամիլ Ուսուբովն ու Սաֆար Աբիևը ստիպված էին շփոթության մեջ արագորեն հեռանալ տարածքից: Ադրբեջանում շատերը տեսան, որ հազարավոր մարդիկ թույլ չտվեցին ռազմական հանդես անցկացնել: Դա նշանակում է, որ տարիներ շարունակ արդարացի ընտրություն անցկացնել չկարողացող կառավարությունն այլևս չի կարողանում ռազմական հանդես կազմակերպել անգամ իր շահիդի համար: Մյուս անգամ նման զանգվածի առաջ ոչ միայն պաշտպանության և ներքին գործերի նախարարները, այլև նախագահն ինքը կարող է փախչել: Ընդ որում, չի բացառվում, որ այդ ուժերը կարող են նաև արմատականները լինել»:
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի քաղաքական ապագայի վերաբերյալ լուրջ հարցեր են ի հայտ եկել: