«Սանահինի դեպոն չի լիկվիդացվելու»
Սանահինի լոկոմոտիվային դեպոն չի լիկվիդացվելու, պարզապես վերափոխում է տեղի ունեցել:
Այսօր այս մասին ասուլիսում ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը: «Հասկանում եմ այն մարդկանց մտավախությունը, ովքեր անընդհատ խոսում են Սանահինի դեպոյի ռազմավարական նշանակության կորստի մասին: Բայց եկեք մի բան հասկանանք, խոսքը չի գնում դեպոյի լիկվիդացման կամ հողին հավասարեցման մասին: Սանահինի դեպոն ինչպես ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ շարունակելու է ունենալ նույն նշանակությունը»,-ասաց Վ. Դավթյանը:
Ռազմավարության մասին խոսելով, նա նշեց, որ «ՀԿԵ»-ն այսօր իրագործում է Հայաստանի համար լուրջ ռազմավարական ծրագրեր: Որպես օրինակ նա նշեց Վանաձոր-Ֆիոլետովո 30 կմ երկաթուղային հատվածը, որը հանրապետության տնտեսության համար լուրջ նշանակություն ունի:
Վ. Դավթյանի խոսքով, Սանահինի լոկոմոտիվային դեպոն տնտեսապես նպատակահարմար չէ «ՀԿԵ»-ի համար: Մասնավորեցնելով խոսքը Դավթյանը նշեց, որ նպատակահարմար չէ այդ 30 կիլոմետրանոց հատվածում լոկոմոտիվային դեպո ունենալ: «Մենք տեղի աշխատակիցների հետ կոնստրուկտիվային զրույց ենք ունեցել և ես մեկ անգամ նշում եմ, նրանք մնում են աշխատանքի, ավելանում է նրանց աշխատավարձերը, շարունակում են աշխատել երկաթուղային համակարգում, դեպոն իր ռազմավարությունը չի կորցնում: Պարզապես ընկերության համար տվյալ ժամանակահատվածում Սանահինի դեպոն պահպանելը տնտեսապես նպատակահարմար չէ»,-ասաց նա:
Վ. Դավթյանը նշեց, որ դեռևս 2008 թվականից առաջ Հայաստան այցելած օտարերկրյա մասնագետները նկատել են, որ մոտ 850 կիլոմետրանոց երկաթուղու համար նպատակահարմար չէ 3 լոկոմոտիվային դեպո ունենալը: «Նույնիսկ ամերիկացի մասնագետներն ասում էին, որ կարելի է թողել միայն մեկ դեպո, իսկ մենք թողեցինք երկուսը` Երևանի ու Գյումրու լոկոմոտիվային դեպոները»,-նշեց վարչության պետը:
Վերջում նա ավելացրեց, որ ընկերության քայլերը իրավաբանական դաշտում են ու կոնցենսիոն պայմանագրի շրջանակներում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա