Ահմադինեժադը վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում իր երկրի դիրքորոշումը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով արդեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, նախօրեին հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Ահմադինեժադը հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և հայտնել, թե հակամարտության լուծումը հնարավոր է բանակցությունների միջոցով արդարության և փոխադարձ վստահության մթնոլորտում:
«Տարածաշրջանի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության և բարեկամության մթնոլորտում: Մենք հարևաններ ենք և այդ հանգամանքը չենք կարող ժխտել: Եթե փորձենք լուծել բոլոր խնդիրները արդար ու բարեկամական մթնոլորտում, ամեն ինչ կհարթվի», - ասել է Ահմադինեժադը ու հավելել, թե հակամարտության առկայությունը տարածաշրջանում վնաս է բերում բոլոր կողմերին:
«Հակամարտությունը երկու կողմերի ռեսուրսների, ժամանակի կորստի ու նյարդային լարվածության պատճառն է, որը կանխում է զարգացումը: Մենք հայտարարել ենք և այսօր էլ հայտարարում ենք, որ Իրանը պատրաստ է օգնել հակամարտության լուծման գործընթացին», - ասել է Իրանի նախագահը:
«Առաջին քայլերը մեր կողմից արված են: Եթե արդյունք չարձանագրվի, մենք նոր քայլեր կձեռնակենք: Մեր կարծիքով, տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի շրջանակներում: Այլազգիների միջամտությունը նմանատիպ հարցերում կհարուցի հակամարտության ավելի խորացմանը: Այդ մասին վկայում է փորձը: Թող բանակցային գործընթացը շարունակվի և, Աստված տա, գտնվեն հարցի լուծման այլ ուղիներ», - նշել է Ահմադինեժադը: