CnnTurk. Իրանը Թուրքիային սթափության է կոչել
Իրանը Թուրքիային սթափության ու զգոնության է կոչել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը: Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Միհմանփերեսթը մամուլի ասուլիսի ժամանակ մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման առնչությամբ և նշել, որ տարածաշրջանի երկրներն ի զորու են ապահովել տվյալ երկրամասի անվտանգությունը: Իրանցի պաշտոնյան ասել է, որ ՆԱՏՕ-ի անվան տակ իրագործվող այդ ծրագիրն ավելի վաղ ձախողված նախկին ամերիկյան ծրագիրն է:
«Այս արկածախնդրության հետևում կասկածելի նպատակներ կան: Այն ուղղված է Իսրայելի շահերի պաշտպանությանը: Իրանը տարածաշրջանում սպառնալիք չէ ոչ մի երկրի համար: Տարածաշրջանը վտանգող հիմնական սպառնալիքը սիոնիստական Իսրայելն է»,- ասել է Միհմանփերեսթը: Նա անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ հակահրթիռային այդ համակարգը նախատեսվում է տեղակայել Թուրքիայի տարածքում:
«Թուրքիան մեզ հարևան և բարեկամ երկիր է: Առաջացած հարցերը մենք քննարկում ենք համագործակցության և խորհրդակցության ճանապարհով: Թուրքիայի իշխանություններն արդեն իրազեկվել են կասկածելի այդ նախագծի վերաբերյալ տարածաշրջանի և մահմեդական երկրների մտահոգությունների մասին»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը: