Գ.Բարսեղյան. «Պիրատության 6 % նվազման արդյունքում պետական բյուջե մուտքերն ավելացել են մոտ 5 մլն դոլարով»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Microsoft RA» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ներկայացրեց ոլորտին վերաբերող ինչպես դրական , այնպես էլ մտահոգող ցուցանիշներ:
Օրինակ, վերջերս հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, աշխարհի մակարդակով hակերային գրոհների և անվտանգության տեսակետից, Հայաստանն ընդգրկված է 5 ամենավատ պաշտպանված երկրների ցանկում:
Գրիգոր Բարսեղյանի համոզմամբ, սրա հիմնակ պատճառը կեղծ ծրագրային ապահովման տարածվածությունն է:
Բանախոսը նաև ներկայացրեց հուսադրող տվյալներ:
«Վերջերս ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունվեց մի օրինագիծ, որն ուղղված է հեղինակային իրավունքի պաշտպանությանը և պիրատության դեմ պայքարին: 2011 թվականի մարտի մեկից օրենքը պետք է մտնի ուժի մեջ , և բոլոր կրիչները պետք է համալրված լինեն ակցիզային տիպի պիտակներով»,-նշեց Գրիգոր Բարսեղյանը:
Դրական փոփոխություն է նաև Հայաստանում ծրագրային ապահովման վաճառքի բավականին լուրջ աճը: Օրինակ, եթե 2006 թ-ին Հայաստանում պիրատությունը գերազանցում էր 96 %-ը, ապա 2009 թ. այդ ցուցանիշն արդեն հասել է 90 %-ի սահմանին :
« 6 % նվազման արդյունքում պետական բյուջե մուտքերն ավելացել են մոտ 5 մլն դոլարով և դա ոչ միայն դրամով կարելի է գնահատել, այլև ստեղծված աշխատատեղերով, բիզնեսի ակտիվությամբ և տարբեր կառույցներում անվտանգության մակարդակի բարձրացմամբ: Կանխատեսումների համաձայն պիրատության տոկոսն այս տարի կնվազի ևս 2-3 %-ով »,- նշեց «Microsoft RA» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը: